Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Էրդողանի գլխավոր փորձությունը՝ դիմանալ մինչև 2019-ը

Էրդողանի գլխավոր փորձությունը՝ դիմանալ մինչև 2019-ը
17.04.2017 | 19:41

Երեկ Թուրքիայում սահմանադրական հանրաքվե էր, 167140 ընտրատեղամասերում քվեարկելու իրավունք ունեցող 55 միլիոն քաղաքացիների 87 տոկոսը մասնակցել է քվեարկությանը: Նախնական արդյունքներով՝ «այո» է ասել 51,24 տոկոսը, դեմ՝ 48,74։ Ռեջեփ Թայիբ Էրդողանն արդեն շնորհավորել է ինքն իրեն ու իր կողմնակիցներին: Նոր Սահմանադրությամբ նա ստանում է աննախադեպ լիազորություններ և մինչև 2029-ը նախագահելու հնարավորություն։


Բայց ամեն ինչ այդքան հարթ չէ՝ Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԿԸՀ-ն բազմաթիվ ընտրատեղամասերում «այո» քվեարկած առանց կնիքի քվեաթերթիկները հայտարարել է օրինական։ Դա զայրացրել է ընդդիմադիր կուսակցություններին, Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ չի ընդունում արդյունքը։ «Եթե օրենքը պարտադրում է, որ վավեր է այն քվեաթերթիկը, որի վրա կա կնիք, ուրեմն թող այդպես հաշվեն։ Խաղի կեսից խաղի կանոնները չեն փոխում»,- ասել է Քըլըչդարօղլուն:
Իբրև բողոքի նշան՝ Ստամբուլի մի քանի շրջանների բնակիչներ իրենց տների պատուհաններից դուրս են հանել կաթսաներն ու թավաները և հարվածել նրանց։ Բողոքի ակցիաները Ստամբուլի 4 շրջաններում են։ Ցուցարարների ոչ մեծ խմբեր էլ դուրս են եկել փողոցներ։ Թուրքիայի երեք խոշորագույն քաղաքները, ներառյալ Ստամբուլը, նախնական տվյալներով՝ դեմ են քվեարկել փոփոխություններին։


Էրդողանի կողմնակիցներն ասում են, որ հանրաքվեն կօգնի արդիականացնել երկիրը, սակայն նրա հակառակորդները վախենում են ավտորիտարիզմի աճից։
Թուրքիայի 81 նահանգներից 32-ում հաղթել է «ոչ»-ը և 49-ում՝ «այո»-ն: Սահմանադրական փոփոխություններին հիմնականում դեմ են քվեարկել քրդաբնակ նահանգները, արևմտյան՝ առավել աշխարհիկ նահանգները, Միջերկրականի ափին գտնվող նահանգները: Երեք խոշոր քաղաքները՝ Ստամբուլը, Անկարան և Իզմիրը, դեմ են քվեարկել փոփոխություններին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի առաջարկած փոփոխություններին կողմ են քվեարկել կենտրոնական շրջանները և Սև ծովի առափնյա նահանգները: Այլ երկրներում բացված ընտրատեղամասերում ձայների հաշվարկի արդյունքում հաղթել է «այո»-ն՝ ստանալով 59,09 % կամ 831 հազար 43 քվե: «Ոչ»-ը ստացել է 40,91 % կամ 575288 քվե: Գերմանիայում, Ֆրանսիայում և Բելգիայում հաղթել են Էրդողանի կողմնակիցները, մյուս երկրներում՝ հակառակորդները, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Վրաստանում և Ադրբեջանում:


Հանրաքվեն այսբերգի երևացող մասն էր՝ իրականում Էրդողանը իր երազած իշխանական բուրգի կառուցումը սկսել է տարիներ առաջ՝ նրան պետք չէր կառավարման համակարգը, որտեղ կային հստակ հակակշիռներ՝ իրական իշխանության բևեռներով: Նա համոզված էր, որ այդ համակարգը արտաքին կախվածություն է ստեղծում: Դեպի սուլթանական իշխանության վերականգնում իր ճանապարհը Ռեջեփ Թայիբ Էրդողանը սկսեց գլխավոր խոչընդոտից՝ զինվորականների իշխանության սահմանափակումից: Թուրքիայում բոլոր հեղաշրջումներն արել են զինվորականները և նրանք հասել են իշխանության՝ Էրդողանը իր երկրի պատմության այդ մասը լավ էր սերտել, նա ձեռնարկեց Էրգենեկոնի դատավարությունը՝ խնդիր ունենալով նախ վարկաբեկել հասարակության մեջ մեծ հեղինակություն ունեցող դասին, որ նաև համարվում էր անվտանգության ու կայունության երաշխավոր: ԶՈՒ գլխավոր շտաբը Սահմանադրությամբ ուներ լայն լիազորություններ՝ ընդհուպ պետության ներքին գործերին միջամտությունը, եթե սպառնալիք լինի սահմանադրական կարգին:


Զինվորականությանը վարկաբեկելով ու կազմալուծելով՝ Էրդողանն անցավ իրավական համակարգին: Դատախազությունը, դատական համակարգը իշխանության անկախ բևեռներ էին, որ նույն ճանապարհով կորցրին անկախությունը և սկսեցին ընդունել Էրդողանի թելադրած որոշումները՝ լրագրողների, հասարակական կազմակերպությունների դեմ պետական հալածանքը դրա ապացույցն է: Իր ճանապարհի խոչընդոտները վերացնելու գլխավոր քայլը անցյալ հուլիսին ձեռնարկած պետական հեղաշրջման փորձն էր, որի հեղինակը ոչ այլ ոք էր, եթե ոչ Էրդողանը: Թատերական հեղաշրջումը նրա ձեռքերը վերջնականապես ազատեց՝ իր ցանկացածը անելու համար: «Զուգահեռ պետությունը»՝ գյուլենականությունը, հռչակելով գլխավոր թշնամի՝ Թուրքիայի առաջընթացի ճանապարհին՝ Էրդողանը փորձում էր արտաքին աշխարհին համոզել, որ իր «բարեփոխումները» ուղղված են երկրի միասնականության ապահովմանը: Միաժամանակ՝ «զուգահեռ պետության» դեմ անխնա պայքարը Էրդողանին հնարավորություն տվեց այլակարծության ու պայքարի ընդունակ մարդկանց չեզոքացնել՝ կամ ազատազրկելով, կամ կամազրկելով՝ դա շատ կարևոր էր Սահմանադրության փոփոխության հաջողության համար: Միայն դրանից հետո Էրդողանը ձեռնամուխ եղավ Սահմանադրությամբ կառավարման մոդել փոխելուն:
Իհարկե, այս ընթացքում Թուրքիան հասցրեց փչացնել հարաբերությունները ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՌԴ-ի և արաբական աշխարհի հետ, բայց դա խաղի մաս էր: Փորձագետները վաղուց են կանխատեսել, որ Սահմանադրության փոփոխությունից հետո Էրդողանը սկսելու է վերականգնել հարաբերությունները մեծ աշխարհի հետ:


Բայց հանրաքվեն ապացուցեց, որ այս բոլոր տարիներին Էրդողանին չի հաջողվել երկիրը վերածել այն փափուկ ու հնազանդ կավին, որից ցանկացած պահին կկերտի իր ցանկացած արձանը: Թուրքիայում անկայուն իրավիճակ է, որ արտահայտվում է ոչ միայն իրարահաջորդ ահաբեկչություններով, Էրդողանը հանրաքվեով չստացավ իր ցանկացած արդյունքը՝ բացարձակ մեծամասնությունը, նա երկիրը կիսեց՝ իր կողմնակիցների ու ընդդիմադիրների: Թուրքիայի էթնիկ ու կրոնական փոքրամասնությունները Սահմանադրության ու կառավարման կարգի մեջ սպառնալիքներ են տեսնում իրենց կյանքին: Էրդողանը վերջնականապես հողին հանձնեց Աթաթուրքին ու վերադարձավ սուլթանական կառավարման սկզբունքներին: Պատահական չէ, որ ԵԽ խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը Թուրքիայի իշխանություններին կոչ արեց ապահովել հանրապետության դատական համակարգի անկախությունը։ «Չափազանց կարևոր է դատական համակարգի անկախության ապահովումը՝ համապատասխան օրենքի գերակայության սկզբունքի, որն ամրագրված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում», հայտարարեց ԵԽ գլխավոր քարտուղարը: Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և հարևանության ու ընդլայնման քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհանդես Հանը համատեղ հայտարարությունում կոչ արեցին «առավելագույն կոնսենսուսի» հասնել բնակչության շրջանուն՝ հաշվի առնելով հանրաքվեի ժամանակ ստացած ձայների ոչ մեծ տարբերությունն ու սահմանադրական փոփոխությունների երկարաժամկետ հետևանքները։ Գուցե ի պատասխան է հնչում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հարցազրույցը Le Figaro-ին: «Թուրքիայի համար կշարունակի ռազմավարական առաջնահերթություն մնալ Եվրամիությանն ինտեգրվելու քաղաքականությունը»՝ համարյա սենսացիոն հայտարարություն է արել Մևլութ Չավուշօղլուն, եթե նկատի ունենանք, որ Էրդողանը սպառնում էր ԵՄ-ի հետ հարաբերությունների հարցը հանրաքվեի դնել: Չավուշօղլուն, այնուամենայնիվ, վատ փոխհարաբերությունների համար մեղադրել է ԵՄ-ին՝ ասելով, որ Եվրոպայում հնչող հայտարարություներն առաջացնում են Անկարայի անհանգստությունը,
Թուրքիան հետևում է ԵՄ պայմանագրի բոլոր չափորոշիչներին, իսկ ԵՄ մի շարք երկրներ արհեստական խոչընդոտներ են ստեղծում անդամակցության ճանապարհին: «Անկարան պատրաստ է երկխոսության: Գործընթացը ձգձգող կողմը Եվրամիությունն է»՝ եզրակացրել է Մևլութ Չավուշօղլուն, չհապաղելով հիշեցնել, որ Թուրքիայի շնորհիվ անօրինական ներգաղթյալների հոսքը եվրոպական երկրներ հասել է նվազագույնի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հանրաքվեի վերջնական արդյունքները կամփոփվեն 12 օրից: «Այո»-ի ու «ոչ»-ի տարբերությունը այնքան փոքր է, որ տեղավորվում է վիճակագրական խոտանի մեջ: Անկարան պետք է մտածի՝ ինչպե՞ս ստացվեց, որ ադրբեջանաբնակ թուրքերը դեմ քվեարկեցին հանրաքվեում ու ի՞նչ է դա նշանակում երկկողմ հարաբերություններում: Դեռ չի հրապարակվել ռուսաստանաբնակ թուրքերի քվեարկության արդյունքը: Բայց հետաքրքիր հարց է՝ ինչո՞ւ էր Էրդողանը նետվում ու իր բարձրաստիճան պաշտոնյաներին նետում ԵՄ՝ հանրաքվեի քարոզչության համար, բայց ոչ մի պաշտոնյա չմտածեց հասնել ԱՄՆ կամ ՌԴ, այդ երկրների հետ հարաբերություններն արդեն այնքան վա՞տ կամ լա՞վ էին, որ պետք չէր ավելի վատացնել կամ լավացնել: Ոչ ոք չգնաց Ադրբեջան: Սա հանրաքվեի արդյունքների ամփոփումից հետո մտածելու հարց է, իսկ ընդհանրապես մտածելու տասնյակ հարցեր կան՝ փաստացի Թուրքիան երկատված է միմյանց թշնամաբար տրամադրած հատվածների, իսկ դա ներքին անկայունության ռումբ է, որ որտեղ ասես կարող է ցանկացած պահի պայթել: Էրդողանի «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը գոնե 60 տոկոս չստացավ, որ իր գաղափարների անդառնալիության վրա վստահ լինի: Ստամբուլը, Անկարան, Իզմիրը, Անթալիան դեմ քվեարկեցին, դեմ էին քրդերը՝ Դիարբեքիրը, Վանը, Մարդինը, որը ևս ապացուցում է՝ պայքարը նոր է սկսվելու: Փաստացի՝ Էրդողանի ԱԶԿ-ն աջակիցներ ունի միայն ներքին Անատոլիայում: Թուրք փորձագետները նշում են, որ ԱԶԿ-ի ալյանսը Դևլեթ Բահչելիի «Ազգայնական շարժման» հետ ռազմավարական սխալ էր, որ «փափուկ իսլամիզմի» սինթեզի տպավորություն էր ստեղծում, բայց նեոօսմանիզմի գաղափարախոսությունն էր առաջ տանում, որին դեմ է Թուրքիայի բնակչության գրեթե կեսը: Ժողովրդահանրապետական կուսակցությանը հաջողվեց իր կողմը տանել ընտրախավին, ում համար կարևոր է Թուրքիայի աշխարհիկ պետության կառույցը: ԱԶԿ-ի այս արդյունքների պայմաններում պետական համակարգի փոփոխությունը անխուսափելիորեն բերելու է ներքաղաքական անկայունության մեծացման: Հանրաքվեից հետո Թուրքիայում սկսվում է ևս մեկ բարդ ընտրական ցիկլ: Հանրաքվեով հաստատված փոփոխությունները ուժի մեջ են մտնելու հաջորդ խորհրդարանական ու նախագահական ընտրություններից հետո՝ 2019-ին: Երկու տարի երկիրը անցումային շրջանում է լինելու: Այսինքն՝ երկրի առաջին դեմքը դեռ մնում է վարչապետը, թեպետ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ արտաքին ու ներքին քաղաքականությունը՝ Սահմանադրության խախտումով, իր ձեռքում է պահում նախագահ Էրդողանը: Կդիմանա՞ նա ևս երկու տարի՝ իր գահն աներեր դարձնելու համար: Դժվար ժամանակներ են սպասում Թուրքիային, ելնելով Էրդողանի բնավորությունից՝ հակասական որոշումների ու անկառավարելի քայլերի իրարահաջորդում, որոնց հետևանքները արտահայտվելու են տարածաշրջանում անվտանգության, կայունության ու տնտեսական իրավիճակի վրա:

Դիտվել է՝ 2106

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ